Երբ օջախը սուրբ է, իսկ երկիրն` անտեր

Իհարկե,  շատ ծանր է նման բաներ գրելը: Մեղադրել ու ծանր հայտարարություններ անել երբեք չեմ սիրել:  Կուտակվել է սա արդեն վաղուց. ավաղ՝ շարունակ է կուտակվում: Ամեն օր ենք լսում, գիտակցում ամենուր, որ երկիրը երկիր չէ, որ հոգնել ենք արդեն, էլ չենք դիմանում:

Ինչու՞ է օջախը սուրբ, բայց երկիրն` անտեր: Ինչի՞ց է, որ իրար դիմում ենք որպես “եղբայր” ու “քույր”, բայց վերաբերվում` ինչպես օտարի: Ինչպե՞ս դարձանք այսքան նվազ` առաքինության, ներողամտության, կարեկցանքի հետ կապված:  Որտեղի՞ց հասանք այստեղ: Ո՞վ ուղարկեց մեզ այս ցավը: Որևէ մեկը հիշու՞մ է, թե հատկապես ո՞րն էր սահմանը “այն” ու “այս” ժամանակների: Որտե՞ղ ամեն ինչ ձեռքից գնաց, ե՞րբ:

 Միգուցե ունենք այն, ինչին արժանի ենք ու ընդունա՞կ: Դուք համաձայն չե՞ք: Հերի’ք ձեզ խաբեք: Դատեցեք ինքներդ. ընտրություններ ու պետբյուջե, հարկային ու պետական գնումներ, ոստիկանություն և դատական իշխանություն, համալսարաններ ու գիտություն, համայնքներ ու վարչական քաշքշուկ, հեռուստատեսություն, կինո, երգարվեստ…չե՞ք զգում, չարիքի արմատը նույնն է, ամենուր: Անտարբերությունն ու հավատի բացակայությունն իշխում են ամենուր:

Հայրենիքը, ինչպես օջախը, սուրբ է. առաջին հերթին` քանի որ այն մեր մեծ ընտանիքն է, իսկ մենք` նրա զավակները: Մենք պարտական ենք` քանի որ կրո’ղն ենք մեր մշակույթի: Ո՞վ ենք մենք: Այն ամենն ինչով հպարտանում ենք` ստացել ենք հայրենիքից ու նրա մշակույթից` ծնողների ու հարյուրավոր սերունդների միջոցով:

Երբ  խնդիրներ են լինում ընտանիքում`  մենք չեք քանդում օջախը, չէ՞: Տնից չենք գողանում` գնում, բոլորից առանձին վայելում: Անգամ, եթե ընտանիքի ավագը խուսափում է պատասխանատվությունից, դիցուք  եթե հեռացել, գող, հարբեցող է դարձել, ապա մենք որպես հետևանք ընտանիքի մյուս անդամներին չենք կեղեքում չէ՞: Մենք դիմանում ենք, տոկում, գերլարում ենք ուժերն  ու գտնու՛մ լուծում: Երբ տանը ինչ որ մեկը հիվանդանում է` մենք նրան դուրս չենք շպրտում չէ՞, որ նրա բաժին դեղ ու սննդից  օգտվենք: Այդպե՞ս է արդյոք:

Բայց այսօր մարդիկ “երկիրը երկիր չի” լոզունգը շալակած լծվել են երկիր քանդելու գործին: Ինչքա՞ն կարելի է ապրել “պառազիտի” հոգեբանությամբ: Ամեն մեկը մի պատճառաբանություն, մի կուշտ փոր սնունդ, մի պաշտոն, եսիմ ինչ զիբիլ գրկել, կամ փոխանակել է ընտանիքի ապագա բարօրության հետ, մի ընտրաթերթիկի, մի սուտ վկայության, մի անտարբերության, մի կաշառքի հետ: Ու մենք հետո ասում ենք, թե ընտանիքը սու՞րբ է: Որքա՞ն կարելի է սեփական ապաշնորհ կամ թալանչի գործունեությունն արդարացնել նրանով, որ վերևներում էլ են նույնն անում` այն էլ ավելի մեծ մասշտաբներով: Մենք չե՞նք, որ այսօրվանից լաք ենք քսելու համարներին, որ կարողանանք քշել կատաղած ցլի պես կարմիր լույսի տակ ու մարդկանց վրայո՞վ: Մենք չե՞նք, որ սեփական շահերի առաջխաղացման համար կաշառք էլ, խծբ էլ, խառնում ենք իրար: Հետո գնում ենք, նստում հերթական սեղանի շուրջ և մոլորված, սակայն հպարտ ու վաստակած կեցվածքով գանգատվում, թե երկիրը երկիր չի:  Եթե ձեզ տեսաք այս հարցրադրման մեջ, ուրեմն դուք նույն չարիքի նվազ մի մասնիկն ենք, ուրիշ ոչի’նչ:

Երկիրը երկիր չէ, որովհետև մենք մենք չենք: Երկիրը երկիր չի դառնում, որովհետև մենք հրաժարվում ենք կրել մեր բաժին մեծ պատասխանատվությունը: Ինչու մե՞ծ: Որովհետև նրանք, ովքեր հիմա կարդում են այս ու նման անհամեմատ ավելի լավ ու կարևոր հոդվածներ` ունեն նաև անհամեմատ ավելի մեծ պատասխանատվություն, քան նրանք, որոնք դրանք կարդալու, կամ կարդալուց հետո հասկանալու հնարավորություն կամ ինտելեկտ չունեն: Որովհետև, նրանք, ովքեր հասկանում են, կամ   կարող են ավելին` ոչ միայն ունեն այդ շնորքը, այլ նաև շնորքից ենթադրվող պատասխանատվություն: Իսկ մենք վերցնում են այդ շնորքն` ու փախնում ենթադրվող պատասխանատվությունից: Մենք այդպիսով մեզ այնքա՜ն ճարպիկ ու այնքա՜ն կարող ենք զգում: Այդքան կարող իրեն զգում է միայն այն զարդարված եղևնին, որը մեկ շաբաթից շպրտելու են աղբանոց, կամ էլ վառելու…

 Այ հենց հիմա, ես արդեն զգացի, ինչ որ մեկն այնտեղ ինչ որ տեղ “սրամտեց”, թե սրանք բարձր խոսքեր են, փուչ ու անկատար: Բարձր են խոսքերս միայն նրա համար, ում համար դրանք պարզապես հասու չեն և  կամ անհարմար:

Մարդիկ չեն սիրում միմիանց, հաճախ նաև ատում են, նախանձում, ստում ամեն քայլափոխի, մենակ հանկարծ ոչ մեկ չնկատի նրանց ոչնչությունը: Թաքնվում նյութի, իրերի, հանգամանքների հետևում, միայն թե հանկարծ իրենց հարմարավետության սահմանները ոչ մեկ չհատի: Ասում, խոսում, քարոզում են մի բան, ապրում բոլորովին այլ կերպ, խոսում Աստծուց ու հավատից` միայն կոծկելու համար սեփական հոգևոր սնանկությունը…սա սարսափելի է…

Չգիտեի՞ք: Ահա, իմացե’ք: Ահա որտեղից է գալիս նախանձն ու չարամտությունը, կասկածն ու չկամությունը: Ասում են, չարիքի արմատը տգիտությունն է, իսկ դրա սնունդը` մեր  անգործությունը: Օջախն այնքանով է սուրբ, որքան դուք`  կարող և առաքինի այդ օջախի յուրաքանչյուր անդամի համար ու նկատմամբ:

Արտակ Ոսկանյան

Advertisements
This entry was posted in Սոցիալական and tagged , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , . Bookmark the permalink.

5 Responses to Երբ օջախը սուրբ է, իսկ երկիրն` անտեր

  1. Sedrak Yerkanyan says:

    Շատ լավ եք գրել: կարելի է ասել վերլուծել: Հատկապես նախանձի, չկամության…հատվածը: Ես պատրաստի դեղատոմսեր չունեմ: Բայց քանի դեռ մեր մեջից վերացնում ենք Պարույր Սևակներին, Մինասներին, և այդպես շարունակ, մեր երկիրը սուրբ օջախ չի դառնա: Նույն Աբելի և Կայենի պատմությունը:Պատկերացրեք մեր երկիրը ղեկավարեն Սևակները, այլ ոչ թե այսօրվա գող օլիգարխները՝ թեկուզ իբր համալսարան ավարտած: Համեմատեք: Ուրեմն էդ որակի էլ երկիր ունենք:Ու վերջը չի երևում: Թեև մի շաբաթում կարելի է ամեն ինչ շտկել: Պարզապես պետք է տեղ տալ: Իսկ էդ գիտակցության գողն ու ավազակը երբ կգան: Միգուցե հարցնեք համայն հայության Հովվապետին: Չէ որ, ի վերջո պ ա ր տ ա վ ո ր է: Մեզ համարում ենք քրիստոնեա, բայց ըսկի հեթանոս էլ չենք: Հիմա կասեք նույն բողոքն էք երգում: Համաձայն եմ:Ամբողջ կյանքումս աշխատել ու աշխատում եմ,բայց նույնիսկ հեծանիվ էլ չեմ կարող ինձ թույլ տալ գնել, էլ ու մնաց մեքենա: Թեև բավական, թույլ տվեք ասելու, վաստակ ունեմ իմ ոլորտում: Ինչ հեծանիվ, անգամ ինձ չեմ կարող թույլ տալ կես կգ-ից ավել պանիր գնել: Այ, եկեք սկսենք Ձեզանից: Փորձեք Ձեր արտադրաց պանիրը Վաճառել անհավանական էժան գնով: Կկարողանաք…. Թույլ կտան…. Էն նույն տղեքը, որոնց հետ դուք մշտական հանձնաժողովում եք:Կամ էլ նրարց հետևում կանգնածները, որոնք նույն «սուրբ» օջախի «զավակներ» են:Այո, այո: Փորձք Ձեզանից: Եվ ես Ձեր կողքին կլինեմ:

  2. Նախ շնորհակալ եմ արձագանքի համար Սեդրակ հարգելի: Անշուշտ համաձայն եմ ձեզ հետ: Կարծես թե հստակ դեղատոմս իրոք որ, չկա: Միգուցե պարզապես պետք է ամեն քայլափոխի յուրաքանչյուրս անի իրենից եկածը, անկախ նրանից, թե ով ինչ է ասում, անում, մտածում այդ մասին: Տեսեք, ասում եք ինձ “փորձեք, ու ես ձեզ հետ կլինեմ”: Ինչ որ առումովԴուք իմ կարիքը չպիտի զգաք ձեր ճանապարհին, քանի որ այն ձեր ճանապարհն է: Դուք չեք անում այն, ինչ անում եք` ինձ համար, այլ առաջին հերթին ձեր` ձեր որդիների, ընտանիքի, տեսակի, ու այդտեղ արդեն նոր նաև իմ: Նույնը վերաբերում է բոլորին: Մենք արդարացնում ենք մեր գործողությունը ուրիշների գործողությամբ: Արդյունքում “վսե պաբիժալի, ի յա պաբիժալ”, համատարած կաշառա/տուր/կերություն, անօրենություն, ամենաթողություն: Ամեն ազնիվ և ուժեղ մարդ առաջին հերթին իրեն պետք է նայի….ու վստահեցնում եմ, այդ ավազակները հերթով, գլուխները կախ, կթողեն, կհեռանան: Ուրիշ ճար չունեն, քանի որ դրանց սնողը….մենք ենք…ու մենք սնում ենք…
    Այսօր մենք ավելի շատ տուժում ենք հավատի բացակայությունից առ սեփական ուժերն ու հնարավորությունները, և սա է իմ հիմնական թեման…միգուցե հասնեինք առավել մեծ արդյունքների, եթե լինեինք խուլ ու չլսեինք այն ամենն, ինչ մեզ ասում են, ինչպես այն առակում, որտեղ խուլ գորտը կտրում, անցնում եմ կիլոմետրեր, չնայած, որ ասում էին, թե խենթ ես, ու որ անհնար է…

  3. Sedrak Yerkanyan says:

    Հարգելի Արտակ, նախ շնորհակալ եմ իմ գիրս անպատասխան չթողնելու համար:Այս հարցերը դեռ շատ ջուր են «խմելու»: Երկրորդ, ուզում եմ հավատաք, որ համատարած կաշառակերությանը կամ տվությանը երբեք չեմ մասնակցել, չեմ էլ պատրաստվում: Երրորդ. երկրից «ի յա պաբեժալ»ին առիթ ունեի դեռ 35 և ավելի տարիներ առաջ, այդ ընթացքում, ինչու չէ նաև հիմա: Սակայն,…. ես այսօր Ձեզ հետ եմ բանավիճում: Անում եմ այն, ինչ վերուստ տրված է ինձ, որպես շնորհ անելու: Առանց թերանալու: Հակառակ պարագային ինձ վաղուց «թռցրաց» կլինեին իմ ոլորտի կալվածատերերը: Թեև ոչինչ չի բացառվում:Մասնագիտության, աշխատանքի բերումով շփվում եմ երիտասարդ, շնորհալի երաժիշտների հետ, որոնք հավատալով, վստահելով իմ մասնագիտական փորձառությանը աշխատում են անհավանական ցածր աշխատավարձի պայմաններում: ի դեպ պետական վարձատրության: Որքան կդիմանայիք Դուք, կամ Ձեր որդին, եթե Ձեր անձնուրաց, ինքնամոռաց, հայրենանվեր գործունեության համար պետությունը Ձեզ վարձատրեր 30- 40 հազար դրամով: Երկու, երեք տարի….. հետո: Ստիպված երիտասարդը, որը նաև ուզում է ընտանիք ունենալ, շատ լավ հասկանալով, որ այդ գումարով իր տարրական ծախսերն անգամ չի կարող հոգալ, էլ ուր մնաց ընտանիքի, ստիպված բռնում է պանդխտության ճանապարհը, այլ ոչ թե « ի յա պաբեժալ»: Այսօր Գերմանիաներում մի քանի տասնյակ ինձ հետ աշխատած հրաշալի երաժիշտներ են ապրում: ԱՊՐՈՒՄ ու ԳՈՐԾՈՒՄ: Ու էլ չեեն մտածում ավելի լավ տեղ պաբեժատ անելու մասին: Ինչ է մտածում երկրիս կամ երկրիդ նախագահը, վարչապետը, այսօրվա կամ վաղվա նախարարը: Երբևէ տեսել եք, որ նրանցից որևէ մեկը, կամ մեկ այլ նախարար ու պաշտոնյա, լավ փողատեր, էլ չասած օլիգարխ գա, տոմս առնի ու վայելի, կամ էլ չվայելի, ինչու չէ իմ կամ մյուսի համերգը: Ոչ: Նշանակում է , որ ես իմ աշխատանքով չնպաստեցի գողին ու ավազակին գլուխն առնելու ու իմ Ձեր հայրենիքից ռադ ըլնելու գործընթացին: Սա էլ Ձեր հաջորդ մեկնության վերաբերյալ: Դեռ այսքանը: Եթե հարկ համարեք պատասխանել, ուրեմն կշարունակենք:

  4. Վստահաբար դուք ձեր տեղում եք, իսկ ես ու նմանները ձեր կողքին ու հետ պինդ կագնած…
    Չեմ կարող հակառակվել ձեր փաստարկներին, նախ՝ քանի որ համաձայն եմ ձեզ հետ, ու հետո, քանի որ, ինչպես ասեցի, հստակ դեղատոմս չկա…կարծեմ դեղատոմսը դանդաղ, ամենօրյա աստիճանական պայքարի ճանապարհն է, դիմանալու, պայքարելու, չհանձնվելու ուղին, և դրանով իսկ կրելու պատասխանատվությունն այն բախտի/կարմայի, որը ժառանգել ենք…Հիմա հայրենիքը, հավատն ու յուրայիններին լքելու համար Վասակի խարանը չեն դնում ուսիդ, անգամ քաջալերում են…բայց սա արդեն ուրիշ թեմա է…
    Հետո գնացող էլ կա, գնացող էլ…Ինչպե’ս կարելի է արգելել մարդուն ապրել…գնացող կա, որ 100 մնացող արժե… ինքս իմ ժամանակին հեռացել եմ, մոտ 9 տարով…միայն վերադառնալու համար…ու որտեղ էլ եղել եմ, այդ թվում նաև Ֆրեզնոյում, պոռացել եմ Հայաստան….
    Հարգանքներս…

  5. Sedrak Yerkanyan says:

    Շնորհակալ եմ: Անչափ ազնիվ եք: Ձեր վերջին գրությունը, կարծես, խոստովանություն լինի:Այո, ուր էլ լինի մարդ, հարկ է, որ շնորհյալ մարդկայնությունը չկորցնի: Ես կարծում եմ, թե այս ձևաչափով, ինչպես հիմա շատ են սիրում ասել, առիթներ կունենանք մտքերի փոխանակության տուրևառության համար: Ինչի համար ուրախ եմ և ակնկալիքի համար հուսով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s