Երբ Զգացմունքները Խթանում են Մոտիվացիան

Մարդկային շահադրդման  աղբյուրները  բազմազան են: Հավանաբար բոլորս էլ այս կամ այն չափով գիտենք կամ ծանոթ ենք Մասլոյի բուրգին և  պահանջմունքների աստիճանական կառուցվածքին, որտեղ յուրաքանչյուր հաջորդ մակարդակ  հիմնված է նախորդի վրա: Մյուս կողմից, քանի որ ամեն մարդ առաջին հերթին մտածող ու զգայական օրգանիզմ է և իր չափով կարող է գտնվել Մասլոի բուրգի տարբեր մակարդակներում՝ կախված սեփական իրականությունից և այդ պահին այդ իրականության սեփական ընկալումից: Ահա այս տեսանկյունից եմ ցանկանում, որ մոտենանք հարցին այս հոդվածում: Միտքս փորձեմ արտահայտել սեփական փորձից: Միգուցե փոխաբերաբար, բայց ամեն մարդ ունի շահադրդման յուրօրինակ ներքին այրման շարժիչ: Ես այն անձամբ զգում եմ արդեն վաղուց և հստակ, իսկ դուք ? Այդ ներքին այրման շարժիչն օգտագործում է այն ամենաարդյունավետ վառելիքը, որը մենք կոչում ենք զգացմունքներ: Սեր, Սպասումներ, Հավատ, Հավատարմություն,  կարող ենք թվել երկար: Բայց այդ յուրօրինակ ներքին այրման շարժիչը գործի դնելու համար բավական չէ միայն ունենալ ինքնարտահայտման կարիք: Բազմաթիվ են մարդիկ Բուրգի բոլոր մակարդակներում, որոնք չեն կարողանում գտնել շահադրդման այն կարևորագույն վիճակը, որովհետև չգիտեն որտեղ գտնել այն: Եվ ես կարծում եմ,  որ այն միշտ էլ հիմնված է եղել այն զգացմունքների վրա, որոնք վերը նշվեցին:

Ինչի՞ց են մարդիկ հիմնականում գանգատվում: Հիշեք ցանկացած մի նախագիծ կամ գործողություն, որին մասնակցել եք, որն  այս կամ այն պատճառով կիսատ է մնացել կամ չի իրականացվել ինչպես հարկն է: Ինչու՞մն էր խնդիրը: Հիմնական ընդունված, ես կասեի հաճախ կարծրատիպային պատճառները կամ արդարացումները նրանք են, որ ֆինանսավորումը բավարար չէր, կամ անհրաժեշտ ժամանակը, կապերը, տեխնոլոգիան, փորձը և այլն և այլն:

Ընդհանրացնելով՝ձեզ պակասում էին ռեսուրսները: Ըստ իս՝ սա շատ վտանգավոր մտածելակերպ է այն մարդկանց համար, ովքեր իրոք ցանկանում են լինել հաջողակ, ու ջանք ու եռանդ չեն խնայում հաջողակ լինելու համար: Իհարկե, մնացածների համար սա լավ տարբերակ է, գերազանց արդարացում, սակայն ոչ ձեզ համար, հարգելի հաջողակներ: Դուք մոռացման կամ պասիվության եք դատապարտում  ձեր իսկ լավագույն հնարավորությունները: Որովհետև այն ինչը ձեզ իսկապես պակասում էր, միգուցե ոչ թե ռեսուրսն է, այլ հնարամտությունը՝ այն իմաստով, որ դուք բավարար հնարամիտ, համառ և կենտրոնացած չգտնվեցիք՝ դժվար իրավիճակից ճիշտ տարբերակ, ելք գտնելու հարցում: Որվհետև վերը նշված ռեսուրսների դեմ կարող են դուրս գալ հնարամտությունը, ստեղծագործական միտքը, կենտրոնացվածությունը, սերն ու հավատը  առաքելության նկատմամբ: Եվ հաճախ ահա սրանք են այն բնութագրական հատկանիշները, որ տարբերություն են առաջացնում անհավանական հաջողության և ձախողման միջև: Այնինչ մեր հասարակության մեջ այժմ, և բավականին խորը, հաստատված է այն ենթագիտակցությունը, որ նրանք, ում մոտ հաջողվում է՝ պարտադիր հովանավորի կարիք ունեն , աստղաբաշխական գումարների, ինչ որ անբացատրելի և գաղտնի պայմանավորվածությունների և հանգամանքների: Եթե այդպիսի հանգամանքներ գոյություն ունեն, ապա միայն այն պատճառով, որ մենք թույլ ենք տալիս, որ դրանք լինեն, ունենան գոյության իրավունք, որովհետև մենք չենք մղում մեզ վերը նշված որակներով դեպի  վեր, չենք  օգտագործում , չենք հավատում մեր իսկ հնարավորոթյունների առավելագույնին, այն էլյուզիվ  ներքին այրման շարժիչին: Փոխարենը մենք շարունակ գտնում ենք արդարացումներ, ինչու այս կամ այն նախագիծն անհնար է իրականացնել կամ ինչու այն չիրականացավ: Այդպես չի լինի, եթե մարդիկ սովորեն ապրել լրիվ զգայական կյանքով, ամեն օր ու ամեն զգայական դրվագում:

Որպես օրինակ բերեմ ֆիլմից մի չափազանց ուսանելի և ազդեցիկ մի էպիզոդ:  «Ֆայթ Քլաբ» ֆիլմում  Բ.Փիթի հերոսը ատրճանակի սպառնալիքով  ծնկի է բերում մի խանութպանին, որն անասնաբուժականի նախկին ուսանող էր: Փիթի հերոսը սպառնում է նրան, որ եթե չթողնի խանութը ու չվերադառնա ուսմանը 6 շաբաթվա ընթացքում՝ ապա կգտնի և կգնդակահարի նրան մեծագույն հաճույքով:  Բրեդ Փիթի հերոսը վստահ էր, որ մարդիկ, լինելով մահվան սպառնալիքի տակ և ավելի արագ ու արդյունվետ են մտածում, և առավել խորությամբ ընկալում կյանքի բոլոր իմաստներն ու գնահատում ունեցածը:  Սա շատ կարևոր խորհուրդ ունի իր մեջ: Իհարկե, պարտադիր չէ ապրել սպառնալիքի ներքո, բայց միթե մենք չենք կարող ապրել այնպես, որ գնահատենք կյանքն ու մեր հնարավորությունները առարկայապես և ըստ այդմ էլ կայացնենք որոշումներ: Իհարկե կարող ենք, եթե առաջնորդվենք այն շարժիչով, ոչ միայն հասկանանք որ ունենք խորը զգայական ներաշխարհ, այլ նաև ապրենք այդ ներաշխարհով ամեն  օր, քանի որ այն խանութպանը վստահաբար կվերադառնա ուսման, կդառնա հաջողակ անհատականություն, կգնահատի ամեն ապրած օրն ու զգացմունքն ինչպես վերջին անգամ, քանի որ սպառնալիքի պայմաններում նրա ողջ զգայականությունն արթնացավ ու գրգռվեց կարծես վերջին անգամ: Մահվան սպառնալիքի ներքո գործի դրվեց այն ներքին շարժիչը, որի աշխատանքի համար միակ պիտանի վառելիքը…զգացմունքներն են:

Եվ այս գաղափարին հանգել ու շարունակում եմ հանգել տարբեր տեսանկյուններից, բայց որո՞նք են այն ուղղորդող նշանները, հարցերն ու սկզբունքները, որոնցով կարելի է առաջնորդվել այս ճանապարհին ?

1. Ինչի՞ վրա է անհրաժեշտ հատկապես կենտրոնանալ: Որո՞նք են իրավիճակը բնութագրող հիմնական գործոնները:  Երբ սկսում եք կենտրոնանալ խնդրո առարկայի վրա՝ անմիջապես կարիք է առաջանում հասկանալու այն ու գնահատելու իմաստը, և այդտեղ առաջանում է 2-րդ հարցը

2. Ի՞նչ են հատկապես նշանակում այդ գործոնները, արդյոք դրանք ընկալում  եք որպես պրոբլե՞մ, թե որպես հնարավորություն: Քանի որ շատ հաճախ հնարավորությունը, որը դուք այնպես համառորեն փնտրում եք՝ կայանում է հենց պրոբլեմատիկ իրավիճակում, որտեղ դուք նրան ամենավերջինը կփնտրեիք: Փորձեք հասկանալ դա հատկապես զգայական մակարդակում, քանի որ ռացիոնալ մտածողությունը որպես կանոն միշտ հեռացնում է ձեզ այն հնարավորությունից, որը դուք այդ պահին կոչում եք պրոբլեմ: Մյուս կողմից, հասկանալով, թե ինչ են նշանակում իրադրության որոշիչ գործոնները էմոցիոնալ բարձր մակարդակում՝ դուք կուտակում եք բավարար էներգիա, որպեսզի անցնեք երրորդ՝ իրականության վրա  ներազդման փուլին, գործողության փուլին: Պետք է հասկանալ, որքան ավելի լավ եք հասկանում էությունն ու կուտակում ներազդման համար զգայական էներգիա, այնքան ավելի դիպուկ և ուժեղ եք ներազդում երրորդ փուլում: Սա մոտավորապես այն բազմաթիվ հեշտ ու հասարակ երևացող ու թվացող ճշմարտություններից է, որոնց իրագործումն այնքան դժվարանում կամ անհնարին է դառնում միևնույն պատճառով նորից և նորից: Մենք սխալմամբ կամ դիտմամբ, վախի կամ անվստահության նկատառումներով խուսափում ենք ներդնել այդ անգին էներգիան, որը կոչվում է երևույթների վրա ներազդելու  զգացմունքային մոտեցում:

3. Ինչպես եք պատրաստվում ներազդել այդ գործոնների վրա, որոնց վրա արդեն կենտրոնացել եք ու հասկացել:  Ահա սա է կուլմինացիան: Կախված առաջին և երկրորդ փուլերից-դուք կայացնելու եք որոշում, իրականացնելու եք գործողություն, որը իր հերթին կներազդի ձեր հետագա ընկալումների և ներազդումների վրա:

Եվ հենց երրորդ փուլում է, որ դուք կախված եք այդ էներգիայից, որը կուտակել եք: Այդ էներգիան բնորոշում է ձեր վիճակը գործողության պահին,  այն մեթոդը, որը դուք պատրաստվում եք օգտագործել՝ ներազդելու համար:

Ահա թե որտեղ եմ տեսնում տարբերությունը հաջողության և անհաջողության միջև: Դա իհարկե չի նշանակում, որ բոլոր հաջողակ մարդիկ անխտիր զգացմունքային են, օգտագործում են կուտակվող էմոցիաները-հաջողության հասնելու համար, կամ կարիք ունեն լինելու այդպիսին: Իհարկե ոչ: Ավելին, ես կարծում եմ, որ միշտ չէ, որ հաջողությունը կարող է բնութագրել նրան, ով հասել է այդ հաջողությանը, քանի որ այն գաիս է ամենատարբեր ուղիղ կամ զարտուղի ճանապարհներով: Բայց երբ առկա է պրոբլեմ, կամ հնարավորություն, որի ուղղությամբ աշխատում եք անդադրում և նպատակամղված, ապա պարզապես համոզված եմ, որ նման մտածողությունը գրեթե միշտ գալիս է օժանդակության, տալիս է այն մի փոքր պակաս ուժը, ուշադրությունն ու այն որոշիչ կոմպոնենտը, որը տարբերությունն է հաջողության, նպատակասլացության ու մոտիվացիայի մի կողմից, և կոտրած տաշտակի՝ մյուս կողմից:  Մաղթում եմ ձեզ հաջողություն:

Արտակ Ոսկանյան

Advertisements
This entry was posted in Գաղափարախոսական and tagged , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , . Bookmark the permalink.

2 Responses to Երբ Զգացմունքները Խթանում են Մոտիվացիան

  1. Լուսինե says:

    Շնորհակալություն մտածածս ինձ մատուցելու համար: Շնորհակալություն:

  2. Եթե մտածել ես, ապա արդեն իսկ սկսել ես իրականացնել …
    Վստահ եմ, որ քեզ մոտ ամեն ինչ կստացվի 😉 ))

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s