Հավատի ուժը

Ուժը ենթադրում է իրավունք, իրավունքը ենթադրում է օրենք, օրենքը  ենթադրում է պատասխանատվություն և օրինականություն, օրինականությունը ենթադրում է կայունություն և զարգացում: Սրանք բոլորն էլ ենթադրում են  ուժ… Սա մի տրամաբանական, հասկանալի, բազմաթիվ զարգացած պետություններում կիրառվող, սակայն, ինչպես հայկական իրականությունն է ապացուցել, մեզ համար դժվար կիրառելի փակ շրջան է, որի մեջ մտնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է միասնական ու գերագույն կամք, ամենօրյա քրտնաջան աշխատանք, պետականամետ մտածելակերպ,  բարձր գիտակցություն  և, որ ամենակարևորն է, հավատ սեփական ուժերի և առաքելության նկատմամբ :

Հայաստանի երրորդ  Հանրապետությունը անկախության 20 տարիների ընթացքում անցել է դժվարին  տնտեսական ու քաղաքական ճանապարհ: Խորհրդային կայուն ու կանխատեսելի տնտեսական զարգացման ավելի քան 70 տարիներին եկան փոխարինելու պատերազմի, շրջափակման, նաև ավերիչ երկրաշարժի պատճառով կրած ահռելի տնտեսական կորուստների տարիները: Մյուս կողմից քաղաքական,  սոցիալական, իրավական բուռն փոփոխությունները, որոնց միջով անցնում էր մեր  երկիրը, բերեցին էլ ավելի մեծ ցնցումների, պատճառ դարձան  տնտեսական  ու քաղաքական հետընթացի և որակյալ գիտական ներուժի ժամանակավոր կորստի…Հավատի ժամանակավոր կորստի…

Շատ լավ հիշում եմ, երբ հայրս ուսերին նստեցնելով  իր 8-ամյա որդուն գնում, մասնակցում էր 1988-ի նստացույցերին` Գերագույն խորհրդի շենքի դիմաց : Այն ժամանակ մենք մեկն էինք այն հարյուր հազարավոր հայ ընտանիքներից, որոնք…ուղղակի հավատում էին: Այդ տարիներին նրանց  մեծ մասը չուներ ոչ այսօրվա պաշտպանվածությունը, ոչ տեղեկացվածությունը, ոչ դրամական հնարավորությունները: Նրանք բոլորն էլ հայտնվել էին քանդվող պետության անտեր  ու անպաշտպան քաղաքացիների վիճակում: Ոչ ոք չգիտեր թե ինչ է լինելու վաղը, սկսել էին  ջարդերը Ադրբեջանում: Սակայն նրանք ունեին հզոր  մի զենք. նրանք հավատում էին: Պատերազմ էր, չկար բավարար զենք կամ կազմակերպված բանակ, սնունդը նվազ էր, ապրանքները` դեֆիցիտ…առջևում դեռ զարհուրելին էր. ջարդեր, կորուստներ… ազգաբնակչությունը դեռ պիտի զրկվեր էլեկտրաէներգիայից,  ստանար այն 5 ժամ, 2 ժամ, 1 ժամ, 20 րոպե…Շուտով երկիրը կանցներ օրական նորմավորված մի կտոր հացի, շուտով…մարդիկ կսկսեին վառել իրենց սեփական կահույքը, որպեսզի չսառչեին ցրտից…չէր լինի այլևս գոնե մեկ թաղամաս, որտեղ ամեն շաբաթ մի դժբախտ ընտանիք չողբար իր սիրասուն որդու մահը: Ոչ, նրանք չմահացան, նրանք հերոսացան…Հավատում էին բոլորը մեծից փոքր…. մենք միասնական էինք, պայքարում էինք միևնույն` սուրբ նպատակի համար: Ազգը հավատում էր, և Ազգը հաղթեց….

Իսկ Այսօ՞ր : Այսօր գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունները խոսում ու քննարկում են հիմնականում նույն հարցերը` Արցախի հիմնահարցը, ցեղասպանության պահանջատիրությունը: Բայց պետք է հասկանալ, որ համաշխարհային քաղաքականության մեջ չկան հավերժ ընկերներ, կան միայն հավերժ շահեր, որտեղ մասնակիցներին առավել հետաքրքիր է միմյանց հետ փոխշահավետ հարաբերությունները, և սակավ` արդարությունը: Այս տեսակետից պետությանը հուզող հարցերի լուծում կարելի է ակնկալել միայն  փոխշահավետության մթնոլորտում: Արտաքին քաղաքաքանությունում կօժանդակեն միմիայն  հզոր, առաջադեմ, միասնական, զարգացած Հայաստանին: Հետևաբար ներքին հարցերը, միասնականությունը, հզոր տնտեսական ու իրավական ինստիտուտներն են առավել կարևոր, որոնց առկայության դեպքում միայն հնարավոր կլինի լուծում տալ ցանկացած արտաքին խնդրի: Իսկ ինչպես կառուցել նման Հայաստան համատարած խուճապի, ընդհանուր անօրինության և մասնակի անպատժելիության  ներկա պայմաններում: Մի՞թե միջոցներ չկան: Մի՞թե մեզ այսօր նյութն է պակասում:  Գուցե համապատասխան գիտական ներու՞ժը: Եկեք խոստովանենք, որ առաջին հերթին հավատն է նվազ մեր օրերում, հավատը  ինքներս մեր նկատմամբ, հավատը բարձրաձայնելու և այդպիսով ինչ որ բան փոխելու հնարավորության, մեր պայծառ ապագայի նկատմամբ, մեր ուժի, արդարության նկատմամբ. պակաս է հավատը մեր իրավունքների, անգամ իրավունք ունենալու նկատմամբ:  Այսօր ավելի լավ օրվա, զարգացած, ուժեղ հայրենիքի, գրագետ, առաջադեմ ու օրինապաշտ քաղաքացիական հասարակության նկատմամբ  հավատի բացակայությունն է, որ ոչ միայն հարկադրում է լքել երկիրը քիչ թե շատ այդպիսիներին, այլ նաև այն սակավ մնացողների ոգին է օր առ օր մաշում: Այսօր հասարակության մեծ մասի մեջ ընդունված է ուղղակի լռելը, այլևս “մոդայիկ”  չէ բարձրաձայնելը: Մարդկանց  պախարակում են անօրինականության դեմ բողոքելու համար, այն աստիճան է  ստորացել իրավապահի ինստիտուտը, որ որոշ մարդիկ իրար վիրավորելու համար միմյանց “մլիցա” են կոչում, իսկ օրենքին դիմողներին “գործ տվող”….Նույն կերպ երիտասարդության որոշակի մասում “ամոթ” է համարվում առանձնանալը, ազատամտությունը, այն դրական “խենթությունը”, ռոմանտիզմը, հայրենասիրության իսկական ու ցայտուն դրսևորումները: Հավատի բացակայությունից մարդիկ, որոնք դեռ 20 տարի առաջ կտային իրենց կյանքը հայրենիքի համար…այսօր դառնում են  գող, մուրացկան կամ ավազակ` պաշտոնյայի, միլիցիոների, ուսուցչի կամ օրինաստեղծի դիմակի տակ:

Ես չեմ կարողանում մեղադրել նրանց, ովքեր չգիտեն ճշմարիտի ճանապարհը, քայլերը, իրականությունը: Փոխարենը չեմ կարողանում չմեղադրել այն սակավներին, որոնք գիտեն,  որոնք պարտավոր են լինել առաջին գծում, սովորեցնել, բարձրաձայնել, ու երբեք չլռել… այդպիսիները իհարկե կան, ու սխալ կլիներ ընդհանրացնելը, սակայն պետք է փաստել որ նրանցից շատերը այսօր դարձել են մեծապատիվ մուրացկաններ…թաքնվել այս կամ այն ուժի ու  պատճառաբանության հետևում: Լավերը մաշվում են, երբ մեկ “լավին” գտնելիս  կորցնում ես հինգին: Այսօր, ավաղ, ամենամեծ հանցագործությունները կատարվում են նրանց անմիջական կամ անուղղակի մասնակցությամբ, ովքեր ընտրված են, կոչված դրանց դեմն առնելու, որոնք երդվել են պաշտպանել հասարակությանը այդպիսի հանցագործներից…այսօր օրինաստեղծը կարող է լինել առաջին օրինազանցներից մեկը, և օրենքը գերազանցապես խախտում է նա, ով վստահ է, որ իր դեմ “խաղ չկա”, քանի որ “օրենքը ի՜նքն է”…

“Զարմանում եմ ես, և չեմ վախենում օտար թշնամուց, խորանը երկրիս ներսից էր քանդվում և արդեն վաղուց…”   Արթուր Մեշչյան

Բայց թողնենք հուզականությունը ու անցնենք առաջ այլևս: Քանի որ հավատը հզոր, շարժիչ ուժ է, հավատը ոգևորում է, հավատը ստեղծարար է, հավատը նաև վարակիչ է: Հավատացե՚ք, մենք կարո՜ղ ենք փոխել իրականությունը, սակայն աստիճանաբար: Չեմ կարծում թե նման  վիճակում գտնվող երկրին հեղափոխությունը շատ բարիք կբերի: Մանավանդ երբ այն ուժերը, որոնք այսօր քարոզում են հեղափոխություն` իրենք են դրել այս “բեզպրիդելի” հիմքերը : Պետք չէ՜ երազել, որ մեկը մի օր գալու է, հրեշտակի թևերով, ոտքերն էլ ամպոտ ու փրկելու է պետությունը: Փոփոխություններն անհրաժեշտ է սկսել սեփակա՜ն մտքերից, սեփակա՜ն վարքից, սեփակա՜ն հոգեբանությունից: Պետք է հասկանալ, որ անհրաժեշտ է աներկբա ու անբիծ հավատ դեպի հայրենիքը, պետությունը և դեպի նրա խորհրդանիշները, գիտակցել, որ գուցէ, և դա շատ հավանական է,  մենք դեռ շատ երկար չենք տեսնի մեր աշխատանքի արդյունքները, իսկ վերջնական արդյունքներ թերևս մեր հաջորդները տեսնեն միայն:  Բայց միթե պայքարը ենթադրում է  միանգամից ու արագ դրական արդյունքներ: Մի՞թե այն հերոսները, որոնք ընկել են մարտի դաշտում հանուն հայրենիքի, չգիտեին, որ հնարավոր է չտեսնեն պատերազմի վերջը:  Նրանք մարտնչում էին հանուն ապագայի, հանուն սերունդների, հանուն մեզ: Մի՞թե սա բավարար պատճառ չէ հավատալու, չհանձնվելու, պայքարը շարունակելու համար: Ուրեմն շարունակե՜նք մեր նախորդների գործը յուրովի. երբ հնարավորության դեպքում ապրում ենք մեր իսկ հայրենիքում, գերադասելով այն արտասահմանում գաղթականի համար ստեղծվող  “առավելություններից”, երբ բարձրաձայնում ենք մեր ու մերձավորների օրինական իրավունքների կամ դրանց խախտման մասին, երբ չենք կորցնում հավատը մեր պետության ու մեր իսկ նկատմամբ, երբ տեսնելով խախտվող իրավունքներ`չենք հուսալքվում, անարգում, լքում երկիրը, այլ ավելի ակտիվորեն ենք մասնակցում հասարակական կյանքին, երբ ապրում ենք որպես օրինավոր քաղաքացիներ, հարգում օրենքը, օրինակ ծառայում մյուսների համար, կրում պատասխանատվություն, հասկանալով, որ եթե մենք մեր վրա չվերցնենք այն անտեսանելի սակայն անվիճելի “ճակատագրի պարտքը”, ու չմարենք այն մեր հնարավորությունների չափով, ապա այն փոխանցվելու է մեր սերունդներին, ու այդպես շարունակ, մինչև կամ պարտքը մարվի կամ …սերունդները… Մի բան միանշանակ է. Այսօր մենք ունենք անկախ հայրենիք, պետականություն, վերականգնվող տնտեսություն, նոր, անկախ ծնված ու զրկանքներով մեծացած սերունդ…օրհասական խնդիր է, որ այդ սերնդի հավատն ինքն իր ու իրեն պատգամված արժեքների նկատմամբ չկորչի, այլապես այն անկախության սերնդից կվերածվի …անկախության վախճանի…

Հույսը թույլի զենքն է, Հավատը`ուժեղի:

Արտակ Ոսկանյան

Advertisements
This entry was posted in Գաղափարախոսական and tagged , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s