Առաջնորդը կարող է իրականացնել իր պարտականությունն ու կոչումը լավագույնս, եթե սիրում, հոգում է նրանց մասին, որոնց առաջնորդում է, ունի կարեկցանքի ու իր կոչման նկատմամբ խորը հավատ: Տարեց տարի ավելանում են նրանք, ում համար նման գաղափարները լոկ բարձր խոսքեր չեն, այլ անհրաժեշտություն, պատասխանատվություն, անգամ կենսակերպ:
Նոյեմբերի 24-ին “Հայաստան” Համահայկական Հիմնադրամը իրականացրեց յուր ամենամյա հեռուստամարաթոնը: Սկսած 1992 թվականից աշխարհի 19 երկրներում միլիոնավոր հայորդիներ ավանդաբար իրենց լուման են ներդնում` հանգանակելով` ի օգուտ ՀՀ և ԼՂՀ ենթակառուցվածքների զարգացման: Այս տարի, թվով 14-րդ հեռուստամարաթոնը հեռարձակվեց նոյեմբերի 24-ին: Հեռուստամարաթոնի ավարտին արձանագրվեց ավելի քան 12,2 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում, որն ամբողջությամբ կուղղվի Արցախի ջրամատակարարման ոլորտի բարելավմանն ու Հայաստանի գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը:Սպասվում է, որ այս տարվա հանրագումարը կկազմի ավելի քան 22 միլիոն ԱՄՆ դոլար:
Երիտասարդ Առաջնորդների Դպրոցը, որն ինքնին դրամաշնորհներից օգտվող կազմակերպություն է, չէր կարող անմասն մնալ նման բացառիկ բարեգործական միջոցառմանը մասնակցելուց: 2 օրվա ընթացքում հանգանակվեց շուրջ 40.000 ՀՀ դրամ և փոխանցվեց “Հայաստան” Համահայկական Հիմնադրամին:
Իհարկե, սա առաջին բարեգործությունը չէ, որ կազմակերպվում և իրականացվում է ԵԱԴ տարբեր սերունդների ներկայացուցիչների կողմից: Դրա վառ ապացույց կարող է հանդիսանալ և հեռուստամարաթոնին տարեց տարի մասնակիցների ավելացող քանակը, և ԵԱԴ սաների կողմից իրականացվող տարբեր բնագավառների ու չափերի հասնող բարեգործական նախաձեռնությունները: Առիթից օգտվելով, ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել ԵԱԴ բոլոր այն մասնակիցներին, ովքեր իրենց սահմանափակ միջոցներից մեծ ներդրում կատարեցին ի նպաստ ընդհանուր գործի: Կեցցեք:
Արտակ Ոսկանյան